ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Խորհրդարանական ընդդիմությունը պատրաստ է վայր դնել մանդատները և գնալ արտահերթ ընտրությունների, եթե «Քաղաքացիական պայմանագիրն» էլ գնա այդ քայլին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ չի հավակնում մնալ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Իշխանությունները փորձում են հասարակության մոտ տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը կառչած է մանդատներից, բայց դա հիմարության գագաթնակետն է, որովհետև ամենաշատը այս միջավայրից ես եմ ուզում ազատվել»,– ասաց նա։
Մինասյանը բացատրեց նաև, թե ինչու ընդդիմությունն այս պահին իմպիչմենտի գործընթաց չի սկսում։ Ըստ նրա` պետք է լինի ավելի մեծ հանրային ճնշում ու ՔՊ–ականների աջակցություն։
«Չեմ ասում 100 տոկոս, բայց գոնե տոկոսային հարաբերակցությամբ պետք է ունենանք ՔՊ– ական շրջանակից հատված, որը հակված է այս գործընթացին միանալու։ Այս պահի դրությամբ այդ իրավիճակը չկա, իսկ հանրային ճնշումը, որ կա, բավարար չէ»,– հավելեց պատգամավորը։
Իսկ կառավարությանն ու վարչապետին անվստահություն հայտնելու կոչի նախագիծը, որ արդեն ներկայացվել է ԱԺ–ին, ըստ Մինասյանի, կապ չունի իմպիչմենտի հետ։
«Իշխանությունը հիմա փորձում է խուսափել այս նախագծի քննարկումից, դրան տալ այլ բնույթ։ Այս նախագծի իմաստը այն է, որ լինի առաջարկ ու անգամ պահանջ, որ իշխանություն համարվող այս խումբն ինքը իր մեջ գտնի փոփոխության հնարավորություն։ Այս ամենի միակ լուծումը կառավարության հրաժարականն է ու նոր կառավարության ստեղծումը»,– ասաց նա։
Պատգամավորը բացատրեց նաև, որ խմբակցությունները չեն դիմել անկախ պատգամավոր Իշխան Զաքարյանին, որովհետև նախագծի համար ոչ թե 36, այլ 27 ստորագրություն է պետք եղել։ Իսկ իրենք 33 են ունեցել։
Իսկ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից 2-ը` Տարոն Մարգարյանն ու Մարտուն Գրիգորյանը, այն չեն ստորագրել տեխնիկական պատճառներով։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Նա ընդդիմադիր պատգամավորներին հորդորեց հունիսի 11-ին նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։
ԱԺ խորհուրդը մերժեց հունիսի 11-ին արտահերթ նիստ անցկացնելու միջնորդությունը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստ կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։