ՀՀ–ում տարվա վերջում գնաճը կլինի ավելի բարձր. ԿԲ նախագահ

2024 թ–ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել` մայիսին կազմելով 0.3%:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում տարվա վերջին գնաճը կլինի ավելի բարձր։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նշենք, որ ներկայում գնաճը 0 %-ից բարձր մակարդակում է։ 2024 թ–ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել` մայիսին կազմելով 0.3%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նվազել է` ապրիլին կազմելով -0.5%։
«Տարվա վերջին գնաճն ավելի բարձր կլինի, ու մենք կմոտենանք 2-2.5%–ի, նայած ինչ զարգացումներ կլինեն գյուղատնտեսությունում։ Երբ Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ գնաճն ավելի բարձր է լինելու, մենք պլանավորում ենք, որ միջնաժամկետում գնաճը պետք է բերվի թիրախին` 4%–ի։ Միևնույն ժամանակ մենք ուզում ենք հարթ քաղաքականություն վարել ու չենք ուզում շատ կտրուկ քայլեր անել։ Օրինակ, երբ 2 տարի առաջ համավարակով պայմանավորված կտրուկ գնաճ էր գրանցվել, մենք տոկոսադրույքը կտրուկ չենք բարձրացրել, դա հետևողականորեն ենք արել»,– նշեց Գալստյանը։
Նա ընդգծեց` նման քաղաքականություն նաև հիմա են իրականացնում, որպեսզի համադրեն գնաճի թիրախը` հաշվի առնելով այլ գործոններ։ Վստահեցրեց` մյուս տարվա ընթացքում ՀՀ–ն արդեն կմոտենա 4% մակարդակին, ինչը, ըստ Գալստյանի, խելամիտ է։ Հիշեցրեց, որ 2020 թվականին եղել է 3.7%, ապա 7.7%, իսկ 2022-ին` 8.3% գնաճ։
Ինչպես են փոխվել սննդամթերքի գները Հայաստանում 2024 թվականի հունվար-մայիսին
Մարտին Գալստյանը շեշտեց, որ հանրապետությունում շարունակվում է աճը և՛ առևտրի, և՛ ծառայությունների ոլորտում, բայց ԿԲ նախնական գնահատմամբ, ռելոկանտների կողմից ծառայությունների պահանջարկի նվազում է նկատվում։
ԿԲ նախագահը նշել է, որ պահանջարկի նվազումը հանգեցնում է գնաճի վրա ճնշման թուլացմանը, և դա է պատճառներից մեկը, որ Կենտրոնական բանկը պատրաստվում է դանդաղ և աստիճանաբար իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Մյուս կողմից, գնաճի բարձրացման գործոն կարող են դառնալ Հայաստանի հյուսիսում ջրհեղեղից տուժածներին օգնության պետական ծրագրերը։ Ընդգծեց` դա չի նշանակում, որ այդ ծրագրերն անհրաժեշտ չեն, պարզապես դրանք ապրանքների եւ ծառայությունների լրացուցիչ պահանջարկ կստեղծեն (շինարարական աշխատանքներ, տուժածներին նյութական օգնություն և այլն)։
Առայժմ ԿԲ–ն մանրամասն հաշվի չի առնում այդ գործոնը, քանի որ կառավարությունը դեռ չի ավարտել վնասի հաշվարկը։
«Արդեն հիմա հասկանալի է, որ այդ վնասը մեծ է։ Մենք ակնկալում ենք կառավարության ծրագրերը, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է դրանք հաշվի առնելով հարմարեցնել գնաճի վերաբերյալ մեր քաղաքականությունը»,– ասաց Մարտին Գալստյանը։
Ամփոփելով` Գալստյանը նշեց, որ այս պահին ԿԲ–ում ճիշտ են համարում նվազեցնել ֆինանսական տոկոսադրույքները, որպեսզի օգնեն ակտիվացնել սպառումը։ ԿԲ–ում նորմալ են համարում, որ 2022 թվականին բարձր գնաճից և 2023-ին ցածր գնաճից հետո 2024-ի վերջին այն մի փոքր կաճի։
Հիշեցնենք, որ այսօրվա նիստում ԿԲ–ն իջեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.25%-ից մինչև 8% (2020թ.դեկտեմբերից մինչև 2022թ. դեկտեմբերը այն 4.25%–ից հասցվեց 10.75%–ի, այնուհետև աստիճանաբար սկսեց նվազել):