ԱԺ հանձնաժողովը հետաձգել է կառավարության հրաժարականի նախագիծը. ի՞նչ է լինելու հետո

Արծվիկ Մինասյան. Արխիվային լուսանկար
Պատգամավոր Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ դիմումի նախագիծը դուրս չի գրվել, այլ հարց է՝ իրենց նախաձեռնած նիստը տեղի կունենա, թե ոչ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2 ամսով հետաձգել է ընդդիմության ներկայացրած «Կառավարության հրաժարականի և նոր կառավարության ձևավորման անհրաժեշտության մասին» հայտարարության նախագծի քննարկումը։
Որոշումն ընդունվել է արտահերթ նիստում, հեղինակները հղում են արել հիմնական զեկուցողի՝ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի բացակայությունը: Վերջինս, սակայն, Sputnik Արմենիային պարզաբանել է, որ տեղյակ չի եղել հանձնաժողովի նիստը ժամը 16:00-ին գումարելու մասին, այդ թվում այն պատճառով, որ մասնակցել է խորհրդարանի լիագումար նիստին:
Ընդդիմությունն ի սկզբանե ծրագրել էր նախագիծը քննարկման դնել Ազգային ժողովի հունիսի 17-ի արտահերթ նիստում։ Մինասյանը պարզաբանեց՝ այն, որ փաստաթուղթն, ըստ էության, հավանության չի արժանացել պրոֆիլային հանձնաժողովի կողմից և հետաձգվել է 2 ամսով, չի խանգարում «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններին արտահերթ նիստի օրակարգ մտցնել։ Խնդիրն այլ է. իշխող խմբակցությունը կարող է բոյկոտել նիստը և դրանով իսկ խափանել դրա անցկացումը։ Սա առավել մտահոգում է ընդդիմությանը, քանի որ հայտարարության նախագիծն ամեն դեպքում շրջանառությունից հանված չէ։
Հայտարարության նախագծում խորհրդարանը կոչ է անում կառավարությանը հրաժարական տալ՝ հաշվի առնելով երկրի առջև ծառացած բարդ խնդիրները: Իշխանության ընդդիմախոսներն առաջարկում են ձևավորել ազգային միասնականության կառավարություն, որը կազմված է մասնագետներից։
Խորհրդարանական ընթացակարգերով կառավարության հրաժարականին հասնելու «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների փորձերը տեղի են ունենում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցերի ֆոնին, որի կողմնակիցներն վրանային ճամբար են հիմնել օրենսդիր մարմնի շենքի մոտ՝ Բաղրամյան պողոտայում: