ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ'Բրայենը քննարկել են հայ–ադրբեջանական հարաբերությունների ամրապնդումը։ Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը, Օ'Բրայենն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը:
«ՀՀ վարչապետը կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երևանում և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ կարևոր է մայիսի 5-ին Բրյուսում անցկացված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը»,– ասված է հաղորդագրությունում։
Ջեյմս Օ’Բրայենը գոհունակությամբ շեշտել է, որ նիստն անցկացվել է արդյունավետ՝ ավելացնելով, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին:
Փաշինյանը տեղեկացրել է, որ կառավարությունը հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագիրը և դրա իրականացման գործում ընդգծել միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը: