ԱՄՆ–ն կաջակցի ՀՀ ինքնիշխանությանը. երկու երկրի կառավարությունների հայտարարությունը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՀ ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի արդյունքներով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան:
Նշենք, որ հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծել են գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի:
ՀՀ և ԱՄՆ կառավարություններն ակնկալում են ուրվագծել առաջիկա ամիսներին երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի կոնկրետ ուղղությունները։ Կողմերը դրական են գնահատել Հայաստանի ընթացիկ բարեփոխումներին և ժողովրդավարական առաջընթացին աջակցելու ուղղությամբ համագործակցությունը: Նշվել է նաև եվրատլանտյան կառույցների և Արևմուտքի հետ ավելի սերտ համագործակցության Հայաստանի ձգտումները։

Աջակցություն Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունությանը

Պատվիրակությունները քննարկել են ավելի սերտ համագործակցության միջոցով փոխադարձ բարգավաճման, տնտեսական և էներգետիկ դիմակայունության խթանմանն ուղղված համատեղ ջանքերը՝ հաշվի առնելով 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպման ժամանակ կայացած քննարկումները: Նշելով, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունն արդեն քառապատկվել է՝ կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել առավելագույնս ընդլայնել առևտրային ու տնտեսական կապերը: Կողմերը քննարկել են պատժամիջոցների և արտահանման վերահսկման հարցերում աճող համագործակցությունը: Նրանք նաև քննարկել են արտահանման լիցենզավորման հնարավորությունները: Քննարկումները կենտրոնացել են նաև Հայաստանի պարենային անվտանգության և էներգետիկ անկախության խթանման վրա: ԱՄՆ ՄԶԳ-ն մտադիր է աջակցել Հայաստանին մշակելու տրանսպորտային ռազմավարություն, որը կդրվի Հայաստանի «Խաղաղության խաչմերուկի» տեսլականի հիմքում։
ԱՄՆ–ն ընդունում է շարունակվող տնտեսական և սոցիալական մարտահրավերները, որոնց բախվում է Հայաստանը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և փախստականներին աջակցելիս և մտադիր է շարունակել աջակցությունը։

Փոխշահավետ համագործակցության ամրապնդում՝ անվտանգության և իրավապահ ոլորտներում

Ամփոփիչ հանդիպման մասնակիցներն ընդգծել են ԱՄՆ աջակցության կարևոր դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում։ ԱՄՆ-ը դրանց նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով: Պատվիրակություններն ընդգծել են նաև համագործակցության կարևոր հանգրվաններից մեկը՝ «Արծիվ գործընկեր 2023» զորավարժությունը: ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչները պայմանավորվել են նախաձեռնել Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ՝ պաշտպանական համագործակցության նպատակները նախանշելու համար:
Անդրադառնալով ՀՀ պարեկային ծառայությանը` կողմերը քննարկել են ԱՄՆ կողմից ՀՀ ՆԳՆ–ին ապագա աջակցության տրամադրման հարցը՝ ներառյալ ծրագրված ջանքերը՝ ուղղված ոստիկանական կրթության զարգացմանն ու մարդկային ռեսուրսների կառուցվածքային ստորաբաժանումների արդիականացմանը։
Միացյալ Նահանգները բարձր է գնահատել Հայաստանի շարունակական ներդրումը միջազգային խաղաղապահ առաքելություններում։

Արդարադատության, ժողովրդավարական ինստիտուտների և ընդհանուր ժողովրդավարական արժեքների խթանում

Պատվիրակություններն ամփոփել են արդարադատության ոլորտում շարունակվող համագործակցությունը՝ գնահատելով ԱՄՆ-ի նշանակալի ներդրումը Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներին միտված ջանքերում։ Միացյալ Նահանգները մտադիր է նաև շարունակել աջակցել հայկական հաստատություններին, որոնք կենտրոնացած են կոռուպցիայի և անդրազգային կազմակերպված հանցավորության կանխարգելման և դրա դեմ պայքարի վրա։
Պատվիրակությունները քննարկել են զոհերին և վկաներին աջակցելու և արդարադատության մատչելիության ապահովման պլանավորված ծրագրերը: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել ամուր քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների համար անկախ միջավայրի զարգացմանը:
Երկուստեք ընդգծվել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության հարգման կարևորությունը և հանձնառություն են ստանձնել համատեղ աշխատել այս ուղղությամբ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները վերահաստատել են իրենց հանձնառությունն ընդհանուր ժողովրդավարական արժեքներին և ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ Հայաստանի զարգացման նպատակին: