Ընդդիմությունն արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն է ներկայացրել ԱԺ խորհուրդ

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյանը շեշտում է, որ այժմ դեռ անվստահություն հայտնելու գործընթացը չէ, այլ ԱԺ ուղերձ է, որն ուղղված է ՀՀ կառավարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Շուրջ 2 ժամ առաջ ներկայացվել է արտահերթ նիստ անցկացնելու մասին թվով 33 պատգամավորի ստորագրությունները` կից նաև ուղերձի նախագծով։ Այսօր 16։00-ին էլ ԱԺ խորհրդին 2 խմբակցության միջնորդություն է ներկայացվելու, որպեսզի արտահերթ նիստը գումարվի մինչև հունիսի 17-ը։ Ներկայացված է արտահերթ նիստի` 3 ժամ տևողությամբ նախագիծը։ Այնուամենայնիվ, եթե ԱԺ խորհուրդը մերժի կամ որևէ պատճառով վախենան, ապա օրենքի ուժով հունիսի 17-ին` ժամը 18։30-ին, պետք է արտահերթ նիստ գումարվի։ Իրենց վարքագիծը նաև այդ օրը կերևա, որովհետև կյանքը ցույց է տվել, որ նույնիսկ արտահերթ նիստում գրանցվելուց են խուսափում։ Եթե իմաստություն ունենան, կներառեն, կմասնակցեն և կքննարկեն»,– ասաց Մինասյանը։
Նա հստակեցրեց` սա իմպիչմենտի գործընթացը չէ, այլ ԱԺ ուղերձ է, որն ուղղված է ՀՀ կառավարությանը։ Պատգամավորը նշեց, որ իշխանական մեծամասնությունը կարող է հրաժարականի մեխանիզմն առանձին քննարկել` Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա կամ այլ կերպ արվի։
Խոսելով իր սպասելիքների մասին` «Հայաստան» խմբակցության քարտուղարը շեշտեց` քաղաքական մեծամասնության վարքագիծը վաղուց գաղտնիք չէ` կա՛մ խուսափում են, կա՛մ վախենում։
ԱԺ խորհրդի նիստը տեղի կունենա ժամը 16։00-ին. Գառնիկ Դանիելյան