Ուզում է թողնել ավելի լավ աշխարհ. հայերն ու օտարները` Վարդանյանի մասին պատմող ֆիմում

Արդեն ութ ամիս է, ինչ Ռուբեն Վարդանյանը գտնվում է Բաքվի բանտում՝ ահաբեկչությունը ֆինանսավորելու շինծու մեղադրանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկերները պատրաստել ու հրապարակել են Վարդանյանի գաղափարների ու ծրագրերի մասին պատմող «Լինել մարդ. Ռուբեն Վարդանյանի մանիֆեստը» ֆիլմը։
Վարդանյանին ճանաչող, նրա հետ կյանքի ուղի անցած մարդկանց պատմությունների միջոցով բացահայտվում են գործարարի անհատականությունն ու պատկերացումները մարդասիրության և կրթության կարևորության մասին: Ֆիլմի բոլոր հերոսները գալիս են այն մտքին, որ Վարդանյանի գործունեության մեջ չկա որևէ «ընդդեմ» ուղերձ, նրա ուղերձը «հանուն է»։
Ռուսական խոշորագույն խորհրդատվական ընկերության հիմնադիր նախագահ Ալեքսեյ Սիտնիկովը զարմացած է Վարդանյանի պահվածքից աշխատանքի վայրում։ Նրա խոսքով` Վարդանյանի դուռը միշտ բաց էր, և ցանկացած աշխատակից կարող էր գալ, նրա հետ սուրճ խմել և քննարկել այս կամ այն հարցը։ Նա հիշեց նաև իր և Վարդանյանի վերջին հանդիպումը։ Նրանք մեկնում էին Երևան և քննարկում այն իրավիճակը, որում հայտնվել է հայ ժողովուրդը։ Սիտնիկովի մոտ տպավորություն է ստեղծվել, որ այս ամենից Վարդանյանը ֆիզիկական ցավ է զգում։
«Ի՞նչ է պետք շատ ապահովված մարդուն։ Նա ունի ամեն ինչ։ Աշխարհի մարդ, որին սկզբունքորեն այլևս ոչինչ պետք չէ անել, որն արդեն վաստակել է խաղաղ, ուրախ կյանք»,–ասել է Սիտնիկովը։
Ձեռնարկատեր Արտյոմ Աղաբեկովն էլ նշում է, որ Վարդանյանն իր համար միշտ եղել է ուղենիշ։ Եվ հաճախ, ցանկանալով մեծահոգի լինել կամ մեծ գործ անել, ինքը մտածում է, թե ինչպես կվարվեր Վարդանյանը նման իրավիճակում։
Իսկ «Մեծ փոփոխություն» որբ երեխաների օգնության հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Իրինա Ռյազանովան նշել է, որ Վարդանյանն օգնել է մարդկանց, որպեսզի իրենից հետո թողնի ավելի լավ աշխարհ, քան հիմա է։ Նա համոզված է, որ Վարդանյանը փորձել է փոխել աշխարհը, որտեղ շատ խնդիրներ, դժվարություններ կան։
Ուխտագնացություն Տաթև՝ ի զորակցություն Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող մյուս գերիների
Ռուս լրագրող և հրապարակախոս Ալյոնա Դոլեցկայան իր հերթին հիշում է մի պատմություն, որը, իր կարծիքով, լավագույնս է բնութագրում Վարդանյանին։
Դոլեցկայան Վարդանյանի կնոջ հետ գնացել է Տաթևի վանք, վաճառական տատիկներից մեկը, տեսնելով նրանց, թարմ հացը թղթի մեջ փաթաթել է, մեկնել Վարդանյանի կնոջն ու խնդրել հացը տալ Վարդանյանին։

«Այդ պահին կոկորդս սկսեց խեղդել։ Ու հենց սա է, որ շատ թանկ արժե։ Սա ո՛չ Youtube-ի, ո՛չ հեռուստատեսության, և ո՛չ էլ Քլունիի մասին է։ Սա այն մասին է, որ մարդը կարող է ինչ–որ ձևով ներթափանցել միանգամայն պարզ մարդկանց հոգիներ, որոնք գիտեն հացի գինը», - ասաց նա:

Բացի ընկերների, գործընկերների պատմություններից, ֆիլմում ներկայացվում են հատվածներ Ռուբեն Վարդանյանի տարբեր հարցազրույցներից, որտեղ նա հիմնականում խոսում է իր նախաձեռնությունների և ծրագրերի, դրանք սկսելու շարժառիթների ու նպատակների մասին: Ֆիլմում խոսվում է նաև Հայաստանում իրականացված մի շարք ծրագրերի, մասնավորապես` «ՏաԹևեր» ճոպանուղու և «Տաթևի վերածնունդ» ծրագրի, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, կրթական տարբեր ծրագրերի մասին:
Հիշեցնենք` ադրբեջանցի սահմանապահները 2023 թվականի սեպտեմբերի վերջին ձերբակալեցին Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին։