Թմրամիջոց, հեռախոս, կտրող–ծակող առարկա. ի՞նչ իրեր են մայիսին հայտնաբերվել ՔԿՀ–ներում

Բանտ
Բոլոր դեպքերով վարույթներ են նախաձեռնվել, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մայիս ամսվա ընթացքում ծառայողները մի շարք արգելված իրեր են հայտնաբերել` բջջային հեռախոս, թմրամիջոց, կտրող–ծակող առարկա և այլն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը։
«2024 թվականի մայիսի ընթացքում ՔԿՀ–ներում հայտնաբերվել է 74,903 գրամ թմրամիջոցների նմանվող զանգվածներ, 144 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 149 պարագա, 14 wi-fi սարք, 10 կտրող-ծակող առարկա, 77,3 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք և արգելված այլ իրեր»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ այդ բոլոր իրերը և ապրանքները հայտնաբերվել են ազատազրկված անձանց համար բերված հանձնուքներից, տեսակցությունների եկած քաղաքացիների անձնական զննությամբ, ԱԹՍ-ի միջոցով ներնետելու, ինչպես նաև ազատազրկված անձանց անձնական զննությամբ, խցերում, բնակելի գոտու այլ հատվածներում պատրաստված թաքստոցներից։
Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են համապատասխան վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։
Նշվում է, որ ծառայությունը շարունակում է պայքարը ՔԿՀ–ներ թմրամիջոցների և արգելված իրերի ներթափանցման, ինչպես նաև ազատազրկված անձանց կողմից դրանց պահման և շրջանառության դեպքերը բացահայտելու ուղղությամբ։