ՌԴ–ն կարող է կարի պատվերներով ապահովել հայկական ձեռնարկություններին

Կարի մեքենա
Ռուսական կարի գործարանները պատրաստ են աշխատել հայկական ձեռնարկությունների հետ, ինչպես նաև Հայաստանում համատեղ արտադրություններ կազմակերպել երրորդ երկրներ արտահանելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայաստանում գործող կարի ձեռնարկությունները կարող են համատեղ պատվերներ կատարել ռուս գործընկերների հետ՝ ՌԴ-ի համար դպրոցական համազգեստներ կարելու համար։ Այս մասին Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Վլադիմիր Պադալկոն։
Նա Հայաստան է եկել որպես Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններից ժամանած շուրջ 10 թեթև արդյունաբերական ընկերությունների բիզնես առաքելության ղեկավար (առաքելությունը կազմակերպել են ՌԴ ԱԱՊ-ն և ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչությունը):
Վլադիմիր Պադալկո
ՌԴ-ում բոլոր դպրոցներին հանձնարարվել է աշակերտների համար դպրոցական համազգեստը սահմանել որպես պարտադիր պահանջ։ Պադալկոյի խոսքով՝ այդ պատվերները ֆեդերացիայի բոլոր սուբյեկտներում այնքան շատ են, որ ռուսաստանցի տեքստիլագործները հաճույքով պատրաստ են աշխատանքի մի մասը առաջարկել արտասահմանյան գործընկերներին, այդ թվում՝ հայկական։
Պադալկոն նշեց, որ ռուսական լայն շուկայում էլ վաճառքի լավ հեռանկարներ կան` հատկապես հաշվի առնելով, որ արևմտյան ընկերությունները հեռացել են այնտեղից: Որոշ խնդիրներ կան լոգիստիկայի և դրամական փոխանցումների հետ կապված, սակայն դրանք սկզբունքորեն լուծելի են։
«Ռուսական շուկայում կաշվե իրերի քիչ, բայց պակասորդ կա, իսկ Հայաստանում այդ արտադրությունը զարգանում է։ Սա համագործակցության թեմաներից ևս մեկն է, որը մենք եկել ենք քննարկելու։ Պետք չէ մոռանալ նաև կոոպերացիոն արտադրությունների մասին, որոնք կարելի է կազմակերպել Հայաստանում՝ երրորդ երկրներ արտահանելու համար»,- ասաց նա։
Եթե ապրանքի ավելացված արժեքի 51%-ը ձևավորվում է Հայաստանում, ապա այն օրենքով ձևակերպվում է որպես հայկական արտադրություն։ Իսկ ռուսական ձեռնարկություններին, Պադալկոյի խոսքով, կարող է հետաքրքիր լինել ներդնել մնացած 49 տոկոսը և համապատասխան արտահանման եկամուտ ստանալ։
«Դրան գումարեք նաև այն, որ արդյունաբերական կոոպերացիայի ձեռնարկությունները ԵԱՏՄ-ից վարկերի տոկոսադրույքների սուբսիդիաներ են ստանում։ Ո՞ր բիզնեսը չի ցանկանա օգտվել այդ բոլոր հեռանկարներից»,- հավելեց նա:
Հայաստանում Ռուսաստանի առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն իր հերթին նշեց, որ ռուսական ընկերությունները հաճելիորեն զարմացել են Հայաստանում թեթև արդյունաբերության զարգացումից: Ճանաչողական հանդիպումներից հետո նրանք կայցելեն տեղի կարի ֆաբրիկաներ։
Աննա Դոնչենկո
Նշենք, որ Հայաստանից հագուստի արտահանումը 2022 թվականին (2023 թվականի տվյալները դեռ չեն հրապարակվել) 185 մլն դոլարից հասել է 220 մլն դոլարի։ Այդ ծավալի մոտ կեսը բաժին է ընկնում Ռուսաստանին։