Քենիայից ժամանած եղբայրները ձերբակալվել են 72 ժամով․ փաստաբանը որոշումն ապօրինի է համարում

Քիչ առաջ նաև նրանց ձերբակալությունից տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են եղբայրներին պառկեցնում ասֆալտին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Քենիայից ժամանած եղբայրներ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։ «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկությունը հայտնում է եղբայրների պաշտպան Արսեն Բաբայանը։
«Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ո՛չ զենք, ու ո՛չ էլ որևէ ապօրինի առարկա»,- գրում է Բաբայանը։
Պաշտպանի խոսքով՝ ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես «Սրբազան շարժմանը» նրանց մասնակցությամբ։
Նշենք, որ քիչ առաջ «Ազգային ճակատ» տելեգրամյան ալիքը տեսանյութ տարածեց, որտեղ երևում է, թե ինչպես է Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալում եղբայրներին։ Նրանց պառկեցնում են ասֆալտին և ձեռնաշղթաներ հագցնում։
Հիշեցնենք` ՀՀ–ում բողոքի ակցիաներ սկսվեցին, երբ ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի հատվածից։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 9-ին Կիրանց գյուղից երթով հասան Երևան, ուր մեծ հանրահավաք տեղի ունեցավ։ Շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պահանջեց հրաժարական տալ, ապա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Մայիսի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» անցումային կառավարության վարչապետի թեկնածուն Բագրատ սրբազանն է։