Պուտինն առաջիկա շաբաթների ընթացքում Հյուսիսային Կորեա և Վիետնամ կայցելի

Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան հաստատել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա շաբաթներին Հյուսիսային Կորեա և Վիետնամ կայցելի: Տեղեկությունը «Վեդոմոստի» պարբերականին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Նշվում է, որ Վիետնամ այցը կարող է տեղի ունենալ արդեն հունիսին՝ ԿԺԴՀ այցից անմիջապես հետո: Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Մացեգորան հաստատել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում:
Միևնույն ժամանակ, Ռուսաստանի ԱԳՆ-ն հարցումը վերահասցեագրել է Կրեմլի մամուլի ծառայությանը: «Վեդոմոստին» հարցումներով դիմել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, ինչպես նաև Վիետնամի ԱԳՆ-ին, Վիետնամում Ռուսաստանի դեսպանատանը, Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ին և Հյուսիսային Կորեայում Ռուսաստանի դեսպանատանը:
Նշենք, որ մարտին Պուտինին Վիետնամ այցելելու էր հրավիրել Կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը։ Ռուսաստանի նախագահն ընդունել էր հրավերը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտնել է պարբերականին, որ այցերի նախապատրաստումն առաջադեմ փուլում է։
Ավելի վաղ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինը հուլիսի 3-4-ը Աստանայում կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին, ինչպես նաև նշել է, որ նախատեսվում են նաև այլ այցեր:
Նշենք, որ Վլադիմիր Պուտինը Հյուսիսային Կորեայում եղել է միայն մեկ անգամ՝ 2000 թվականին, իսկ Կիմ Չեն Ինը վերջին անգամ Ռուսաստան է այցելել2023 թվականի սեպտեմբերին։ Պուտինը Վիետնամ է այցելել չորս անգամ, վերջին անգամ՝ 2017 թվականի նոյեմբերին։