Լավրովը և Վան Ին քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությունը

Սերգեյ Լավրովն ու Վան Ին
Նախարարները քննարկել են Եվրասիայի անվտանգության նոր կառուցվածքի ասպեկտները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ռուսաստանի և Չինաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Վան Ին ԲՐԻԿՍ-ի արտգործնախարարների խորհրդի շրջանակում քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Լավրովն ու Վան Ին քննարկել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգություն և կայունություն ապահովելու թեման՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի՝ այնտեղ հակառուսական և հակաչինական ուղղվածություն ունեցող փակ ռազմաքաղաքական կառույցների ստեղծման գիծը»,– նշված է հաղորդագրությունում։
Անդրադարձ է կատարվել Եվրասիայի անվտանգության նոր կառուցվածքի առանձին ասպեկտներին՝ եվրատլանտյան մեխանիզմների լճացման ֆոնին։
Հիշեցնենք` ԲՐԻԿՍ երկրների արտաքին գործերի նախարարների երկօրյա հանդիպումը մեկնարկել է այսօր Նիժնի Նովգորոդում։