ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Կառավարության հրաժարականի ուղերձով ԱԺ արտահերթ նիստը կկայանա հունիսի 17-ին՝ ժամը 18։30-ին։ Այդ մասին համապատասխան կարգադրությունն արդեն ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Այն հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքէջում։
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 17-ին` ժամը 18:30-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով. «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» Ազգային ժողովի ուղերձի նախագիծ»,–ասվում է Սիմոնյանի կարգադրությունում։
Հիշեցնենք` հունիսի 9-ին հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա 4 օրվա ընթացքում անընդհատ առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը` ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։
Հունիսի 10–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ, Ազգային ժողովի խորհուրդը, սակայն, մերժեց հունիսի 10-ին արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը։