ՀՀ սահմանը դիվերսանտ չի հատել. Ալեն Սիմոնյան

Ալեն Սիմոնյան
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ ադրբեջանցի զինծառայող է ձերբակալվել Վայոց Ձորի Արենի գյուղի մոտ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Հայ–ադրբեջանական սահմանը դիվերսանտ չի հատել։ Լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Այսօր առավոտյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայողներից մեկը հատել է Հայաստանի սահմանը և ձերբակալվել Վայոց Ձորի Արենի գյուղի մոտ։ Պաշտոնապես ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո՛չ էլ Ազգային անվտանգության ծառայությունը դեռ չեն հաստատում տեղեկությունը։
«ՀՀ սահման դիվերսանտ չի անցել։ Ծանո՞թ եք իր հետ։ Ադրբեջանցի զինվոր է անհետացել, իսկ ի՞նչ գիտեք, կարող ա եկել, մեզ հանձնվել ա, իսկ կարող ա մոլորվել ա կամ մենք գերի ենք վերցրել։ Ի՞նչ գիտեք կամ կասե՞ք` որտեղից գիտեք։ Դա իմ որոշելիքը չի` պաշտոնապես ասել, թե չասել։ Լավ ենք, չէ՞, սովորել, որ երկիրն էնքան բաց ու թափանցիկ պետք է աշխատի, որ ես պետք է գամ, ասեմ էդ ադրբեջանցի դիվերսանտն եկել, էս ա ասել, էն ա ասել, պետական գաղտնիք գոյություն չունի՞»,–ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք` Sputnik Ադրբեջանը հայտնել էր, որ զինծառայող Ջեյհուն Հուսեյնովը անհայտ պայմաններում կորել է Նախիջևանում։