ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀԱՊԿ-ի ընթացիկ տարվա բյուջեն ճշգրտում է պահանջում, քանի որ Հայաստանի ղեկավարությունը հրաժարվել է վճարել հաշվարկված վճարը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից:
Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը հայտարարել էր, որ Երևանը մտադիր է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2023 թվականի նոյեմբերի 23-ի «ՀԱՊԿ 2024 թվականի բյուջեի մասին» որոշմանը միանալուց և կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց:
«Այժմ մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման համապատասխան նախագիծը։ Ընդ որում, ներդրումների վերաբաշխման մասին խոսք չկա»,– նշել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ ՀԱՊԿ քարտուղարությունը և ՀԱՊԿ միացյալ շտաբը կրճատել են ծախսային մասը Երևանի կողմից իր աշխատակիցներին քվոտային պաշտոններում չնշանակելու հաշվին: Քարտուղարությունը նաև կօգտագործի առկա պահուստները՝ աշխատանքը բնականոն ռեժիմով շարունակելու համար։
Մոսկվան ելնում է նրանից, որ Երևանը պահպանում է ֆինանսական պարտավորությունները ՀԱՊԿ կանոնադրությանը համապատասխան։ Դա հաստատել են ՌԴ ԱԳՆ-ում՝ ընդգծելով, որ միջազգային կազմակերպությունների ֆինանսական կարգապահությունը պահպանվում է անկախ կողմերից մեկի՝ անդամակցությունը կասեցնելու կամ դադարեցնելու ցանկությունից: