ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին աջակցող քաղաքական խումբը՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ), փոքր-ինչ նվազեցնում է իր ներկայությունը Եվրախորհրդարանում Եվրամիության երկրներում քվեարկության արդյունքների հստակեցման ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Եվրախորհրդարանի կայքին։
Նշվում է, որ տեղեկությունը թարմացվել է:
Վերջին տվյալներով՝ ԵԺԿ-ն կստանա 720 տեղերից 184-ը, ոչ թե 191-ը, ինչպես հաղորդվել է գիշերը: Ընդ որում, ԵԺԿ-ին հաջորդող «Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խումբը բարելավում է իր արդյունքները և ստանում 139 տեղ: Երրորդ տեղում 80 տեղով գնում է «Եվրոպայի նորացում» խումբը, աջ «Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խումբը»՝ 73 տեղ, «Ինքնություն և ժողովրդավարություն» խումբը՝ 58 տեղ, «Կանաչներ» խումբը՝ 52 տեղ: Ցուցակը եզրափակում են «Ձախերը»՝ ԵԽ-ի նոր կազմում 36 տեղով։
Ընդ որում, կենտրոնամետ աջակողմյան ԵԺԿ-ն Եվրախորհրդարանի նախկին կազմում ուներ 176 տեղ, սակայն խորհրդարանն այդ շրջանում ուներ ընդամենը 705 տեղ, ոչ թե 720, ինչպես ներկայիս կազմում։ Ուստի, ֆոն դեր Լյայենի կուսակցությունը, ըստ էության, ավելացրել է իր ներկայությունն ընդամենը 0,5 տոկոսով։
«Սոցիալիստների և դեմոկրատների առաջադիմական դաշինք» խումբը, որը նոր կազմում ստանում է 139 տեղ, պահպանել է իր նախորդ արդյունքը, ինչը նշանակում է, որ հաշվի առնելով նոր Եվրախորհրդարանում մանդատների ընդհանուր թվի աճը, կուսակցությունը կրճատում է իր ներկայությունը մոտ 0.4%-ով: Միևնույն ժամանակ, աջ պահպանողականներն ու ռեֆորմիստները բարելավում են նախորդ գումարման արդյունքները 3,2%-ով, իսկ «Ինքնության և ժողովրդավարության» ծայրահեղ աջ եվրասկեպտիկները՝ 1,1%-ով: