Երևանի և Բաքվի միջև «խաղաղության պայմանագիրն» ավելի շատ «մահվան վկայական» է հիշեցնում

Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը
Sputnik
Հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում Երևանի և Բաքվի միջև այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցային գործընթացում, ընդ որում` խաղաղության պայմանագրի մասին «խոսակցությունները» սկսվեցին 2020 թվականի աշնանը Հարավային Կովկասում Ադրբեջանի սանձազերծած պատերազմից գրեթե անմիջապես հետո։
Ավելի ստույգ՝ 2024 թվականի հունիսի սկզբից այսպես կոչված «խաղաղության բանակցությունները» սկսեցին կրկին զբաղեցնել նորությունների առաջին հորիզոնականները։
Այսպես` հունիսի 4-7-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձ դիտողությունների և առաջարկությունների նոր փաթեթ փոխանակեցին «խաղաղության պայմանագրի» տեքստի վերաբերյալ։
Բայց նույնիսկ դա չէ գլխավորը, այլ այն, որ բուն գործընթացը, ավելի ճիշտ՝ գործընթացի մեկնաբանությունը, հայկական և ադրբեջանական կողմերից տրամագծորեն հակառակ բնույթ է կրում։
Պետք է ընդգծել նաև, որ բանակցությունների մեկնարկային պայմանները կողմերի համար բացարձակ անհամաչափ են, ինչը, որպես հետևանք, հանգեցնում է, մեղմ ասած, աննորմալ իրավիճակի՝ արդար բանակցությունների պայմանների տեսանկյունից:
Որևէ դրական արդյունքի հասնելու անհնարինության գլխավոր գործոններից մեկը բանակցությունների արդյունքներից Հայաստանի և Ադրբեջանի նույնքան հակադիր ակնկալիքներն են։
Ինքներդ դատեք, թե կողմերը ինչպես են տեսնում «խաղաղության պայմանագիրը»։
Հայկական իշխանությունը ապրիորի համաձայն է 2020 թվականի պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված դասավորությանը և պատրաստ է ընդունել (ընդ որում՝ առանց վերապահումների) հետևյալ իրողությունները:
1.
Արցախը Ադրբեջանի մաս է կազմում ։
2.
Հայկական իշխանությունը պատրաստ է հաշտվել Արցախում հայերի էթնիկ զտումների հետ (հիշեցնենք, որ ազգային հատկանիշով էթնիկ զտումները ցեղասպանության ձև են)։
3.
Հայաստանը պատրաստ է բացել տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունները, այդ թվում` նաև այն հաղորդակցությունները, որոնք Ադրբեջանի հիմնական տարածքը Հայաստանի տարածքով միացնում են նրա էքսկլավին՝ Նախիջևանին։
4.
Հայաստանը համաձայն է սահմանազատում և սահմանագծում իրականացնել Ալմա Աթայի հռչակագրի դրույթների համաձայն։
5.
Հայաստանը պատրաստ է փաստաթղթավորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիության վերաբերյալ պարտավորությունները՝ համաձայն ադրբեջանական կողմի տեսլականի։
Թվում էր, թե Հայաստանը պատրաստ է զիջել Ադրբեջանի նախապայմաններին, միայն թե ստորագրի բաղձալի փաստաթուղթը, բայց չստացվեց։
Խնդիրն այն է, որ Ադրբեջանը «խաղաղության պայմանագրի» ստորագրումը չի դիտարկում որպես Երևանի ու Բաքվի կողմից ստեղծված տարածաշրջանային իրողությունների վերջնական ընդունում, այլ «խաղաղության պայմանագիրը» տեսնում է ընդամենը որպես Հայաստանի Հանրապետության մասնատման իր դոկտրինալ հայեցակարգի իրականացման միջանկյալ փուլ (Հայաստանի հարավի բռնակցումը` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» անվան տակ), իհարկե, Հայաստանի Հանրապետության հետագա չեզոքացմամբ և տարածաշրջանում հայկական պետության՝ որպես էթնոքաղաքական միավորի կազմաքանդման անխուսափելի արդյունքով։
Որպեսզի ասվածը մերկապարանոց չհնչի, պարզապես դիտարկենք պայմաններից ընդամենը մի քանիսը, որոնք Հայաստանի առջև դնում է Ադրբեջանի ղեկավարությունը։
1.
Հայաստանի Սահմանադրության վերանայում՝ երկրի հիմնական իրավական փաստաթղթի տեքստից հեռացնելով բոլոր այն դրույթները, որոնք երաշխավորում են Հայաստանի՝ որպես ազգային ուղղվածություն ունեցող պետության գործունեությունը:
2.
Հայաստանի կողմից Սյունիքի մարզով այսպես կոչված «միջանցքի» տրամադրում՝ հայկական մաքսային և սահմանային ծառայությունների կողմից միջանցքի նկատմամբ վերահսկողության բացակայության պայմանով (այսինքն՝ ՀՀ հարավի կամավոր հանձնում՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից անվերահսկելի օգտագործման իրավունքով)։
3.
Հայկական իշխանությունների համաձայնություն, որ Հայաստանի տարածքը բնակեցվի թյուրք բնակչությամբ, ընդ որում՝ խոսքն առնվազն տասնյակհազարավոր թուրքերի-ադրբեջանցիների մասին է։
Վերոնշյալն ընդամենը մի փոքր հատվածն է այն պահանջներից, որոնք Ադրբեջանը դնում է ՀՀ իշխանությունների առջև «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու համար։
Այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանի հետ բոլոր իրավական և իրավաբանական հարաբերություններն այս փուլում դիտարկում է բացառապես պաշտոնական Երևանին տոտալ կապիտուլյացիա ստորագրելու պարտադրանքի տրամաբանության մեջ, այնպիսի պայմաններով, որոնց պարագայում հայկական պետականությունը միջնաժամկետ պատմական հեռանկարում պարզապես կվերանա։
Միանգամից նշեմ, որ Ադրբեջանն առանձնապես չի թաքցնում իր ծրագրերը, ինչն արտահայտվում է պաշտոնական Բաքվի կողմից տարվող հակահայկական քարոզչությամբ՝ Հայաստանի ողջ տարածքը ապշերոնյան քարոզիչների կողմից հապճեպ հնարված «Արևմտյան Ադրբեջան» հայտարարելու ուղղվածությամբ։
Թվում է, թե սա պետք է բավարար լինի, որպեսզի ՀՀ իշխանությունը հասկանա՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ բանակցությունները ադրբեջանական իշխանությունների ջանքերով փաստացի վերածվել են Հայաստանի ապամոնտաժման դրույթների քննարկման։ Այլ կերպ ասած` Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է քննարկել մի փաստաթուղթ, որն իր իմաստով ավելի շատ նման է հայկական պետականության «մահվան վկայականի», քան «խաղաղության պայմանագրի»։
Բայց, ցավոք, իրականության համարժեք ընկալման բացակայությունը և Ադրբեջանի հետ «հանգիստ պայմանավորվելու» հեռանկարների մասին ի սկզբանե անիրականանալի պատրանքները հանգեցրել են նրան, որ Հայաստանի իշխանությունները բանակցություններում իրենց դիրքորոշմամբ փաստացի օգնում են թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական ծրագրերին և կամա թե ակամա շարժվում թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայկական տրամաբանությամբ՝ հարվածի տակ դնելով Հայաստանի Հանրապետության գոյությունը։