ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը դեմ է եղել, որ Արայիկ Հարությունյանի փոխարեն Սամվել Շահրամանյանը դառնա Արցախի նախագահ։ Բալասանյանն այդ մասին ասաց այսօր Բաղրամյան փողոցում լրագրողների հետ զրույցում։
Նա հավելեց, որ չի լինում Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում։
«Ցանկություն չունեմ»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին` ինչպես տացվեց, որ Արցախն այս իրավիճակում հայտնվեց։ Բալասանյանը պատասխանեց՝ հարցրեք նրանց, ովքեր բանակցություններ են վարել և ովքեր Բաքվի բանտերում են հայտնվել։ Նա ընդգծեց՝ 2023 թվականի հունվարից ինքն արդեն Արցախում որևէ պաշտոն չի զբաղեցրել։
Ինչո՞վ է հիմա զբաղվում։ Բալասանյանի խոսքով՝ ոչ մի բանով, անգամ թոշակ չի ստանում։
«Ես թոշակ էլ չեմ ստանում, որ Նիկոլը վաղը չասի, թե ՀՀ բյուջեի հաշվին Վիտալի Բալասանյանը թոշակ է ստանում»,– ասաց նա։
Բալասանյանը նշեց, որ Հայաստանում որևէ աշխատանքի առաջարկ չի ստացել, եթե ստանար էլ, չէր ընդունի, որովհետև ներկայիս իշխանությունների հետ աշխատանքը բացառում է։