Արտահերթ նիստ չի լինի. ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը

Ազգային ժողով
ՔՊ-ականները չեն մասնակցելու նաև օրենքի ուժով հունիսի 17-ին գումարվելիք արտահերթ նիստին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. Ազգային ժողովի խորհուրդը մերժեց հունիսի 10-ին արտահերթ նիստ գումարելու միջնորդությունը, որը ներկայացրել էր ընդդիմությունը։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Նա հավելեց, որ հունիսի 17-ին էլ իրենց խմբակցությունը չի մասնակցելու արտահերթ նիստին։
«Մենք նման օրակարգ չունենք, հետևաբար այդ օրակարգը մեզ համար քննարկելի չէ»,- նշեց Կոնջորյանը։
Հիշեցնենք` հունիսի 9-ին հանրահավաքի ժամանակ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Բագրատ սրբազանը հայտարարեց, որ առաջիկա 4 օրվա ընթացքում անընդհատ առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պիտի իրականացնեն, մինչև հասնեն իրենց պահանջի իրականացմանը` ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Սրբազանը հորդորեց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11 -ին նախաձեռնել նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։
Հունիսի 10–ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։