ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու պահանջը

Ալեն Սիմոնյան
Ըստ Ալեն Սիմոնյանի` չմերժելու որևէ պատճառ չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ԱԺ խորհուրդը կմերժի ընդդիմադիր խմբակցությունների` արտահերթ նիստ անցկացնելու պահանջը։ Այս հայտարարությունն արեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Հա բա ի՞նչ պետք է անենք։ Կարող ե՞ք մեկ պատճառ ասել, թե ինչու պետք է չմերժենք, որովհետև իրանք տարին մեկ պետք է մարդ փոխեն ու գան, նորից նույն բանը ասե՞ն»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Լրագրողը նշեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն ու ընդդիմությունը պահանջում են իշխանության հրաժարականը` մեղադրելով կառավարության ծրագիրը տապալելու և արցախահայությանը տեղահանելու մեջ։
«Կառավարության ծրագիրը իրենց չի վերաբերում, տապալել ենք, թող գան, հարց տան կառավարությանը։ Արցախահայությանն էլ մենք այնքան ենք օգնել, թե՛ մինչև իրենց կողմից (նկատի ունի արցախցի պատգամավորներին) Արցախը հանձնելը, թե՛ հետո արցախցիների այստեղ գալուց հետո։ Իրենք կարող են մեզ բոլոր մահացու մեղքերի մեջ մեղադրել, բայց ոչ մի բան չի փոխվում»,– ասաց ԱԺ խոսնակը։
Նա ընդգծեց, որ ԱԺ արտահերթ նիստ անցկացնելն անիմաստ գործողություն է։
«Սկսենք նրանից, որ իրավական առումով շատ անգրագետ են մեր հարգելի գործընկերները։ Սկզբում ասաց (նկատի ունի «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանին), որ 16։30-ին ենք հավաքվում, որը հարցուպատասխանի ժամն է, հետո ականջին ասացին, որ սխալ է ասում, փոխեց 18։30, հետո էլ ասեցին 96 ժամ։ Հիմա էլ պարզվեց, որ 96 ժամով չի լինում, որովհետև օրենքի պահանջն է, որ հունիսի 17-ին լինի։ Հիմա տեսնենք, եթե մինչև ամսի 17-ը թազա ֆոկուս չի լինի, այդ ժամանակ կխոսենք։ Ուղղակի ինչի՞ մենք 1 տարի առաջ կամ 2021-ին դա չարեցինք ու հիմա պետք է անենք»,– ասաց ԱԺ նախագահը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները արտահերթ նիստ գումարելու պահանջով միջնորդություն են ներկայացրել ԱԺ խորհուրդ։