ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ում տեղի կունենա խորհրդի նիստ, որտեղ հնարավոր է` հավանություն տրվի արտահերթ նիստ անցկացնելու առաջարկին։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այս մասին հայտնեց լրագրողներին` անդրադառնալով ՀՀ կառավարության հրաժարականի օրակարգով հարցին։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը հունիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա 4 օրում առանց ընդմիջման բողոքի ակցիաներ պետք է իրականացնեն հասնելու համար ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականին։ Ընդդիմադիր պատգամավորներին էլ սրբազանը հորդորեց հունիսի 11-ին` ժամը 16։30-ին, նիստ նախաձեռնել կառավարության հրաժարականի օրակարգով։ Հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա և գիշերեցին այնտեղ։ Բաղրամյան–Դեմիրճյան–Սիլվա Կապուտիկյան խաչմերուկն այս պահին փակ է, նաև վրաններ են տեղադրված։
«Եթե չեմ սխալվում, ժամը 16։00-ին լինելու է խորհրդի նիստը, որտեղ այդ հարցը դրվելու է քննարկման։ Հուսով եմ, որ դրական եզրակացություն կլինի։ Այն մարդիկ, որոնք երկար տարիներ խորհրդարանի հնաբնակներն են, մեր գործընկերներն են, ասում են, որ դա (իմպիչմենտի գործընթացը. խմբ.) իրատեսական է։ Մենք իրավունք ունենք ռեալիզացնել մեր իրավունքները։ Ամեն ինչ նաև ժողովրդի ձեռքում է, ու բոլորը պետք է ակտիվ գործողությունների մասնակցեն»,– ասաց Դանիելյանը։
Նա վստահեցրեց նաև, որ ՔՊ–ական պատգամավորների բարեկամները, ընտանիքի անդամները մասնակցում են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները։ Դանիելյանի խոսքով` ՔՊ–ականների հարազատներից ոմանք նաև հայտնել են, որ ՔՊ–ականներին ԱԺ–ում պահում են կոմպրոմատի, շանտաժի և այլ սպառնալիքների տակ։