ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. Չինացի գիտնականները տերակոտե բանակի դամբարանում հայտնաբերել են 16 տոննա կշռող սարկոֆագ՝ լի գանձերով: Այս մասին հայտնում է Arkeonews-ը։ Նշվում է, որ Ցին Շիհունադիի դամբարանը խոշորագույնն է աշխարհում, որը զբաղեցնում է 35 քառակուսի կիլոմետր: Դրա մեծ մասը դեռ չի պեղվել սեյսմիկ ակտիվության, տարերային երևույթների և կողոպտիչների հետ կապված մտավախությունների պատճառով։
Այն կազմում է Պեկինի Արգելված քաղաքի տարածքի մեկ քառորդը և համարվում է դրա կոնցեպտուալ «նախահայրը»։ Այժմ դամբարանում, որը կարող էր պատկանել Չինաստանի առաջին կայսեր որդուն, հայտնաբերվել է 16 տոննա կշռող սարկոֆագ: Այնտեղ հայտնաբերվել են զենք, զրահ, նեֆրիտ, մի զույգ ոսկե և արծաթե ուղտեր, խոհանոցային պարագաների հավաքածու և 6 հազար բրոնզե մետաղադրամ։
Սա վկայում է այն մասին, որ հանգուցյալը կարող էր լինել կայսեր որդիներից մեկը կամ բարձրաստիճանի զինվորական։
Հրապարակման մեջ նշվում է, որ դեռևս 2011 թ-ին պեղումների ընթացքում հայտնաբերվել է նաև ինը դամբարան: