ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ԿԺԴՀ-ն շաբաթ օրվանից Հարավային Կորեայի ուղղությամբ աղբով լի ավելի քան 300 փուչիկ է ուղարկել, հաղորդում է «Ռյոնհապ» գործակալությունը: Նշվում է, որ ավելի քան 80 փուչիկ վայրէջք է կատարել Հարավային Կորեայի տարածքում: Մյուսները, հավանաբար, չեն հասել երկիր:
Փուչիկները պարունակել են տարատեսակ աղբ՝ թափոն և պլաստիկ։ Նշենք, որ ԿԺԴՀ-ն մայիսի 28-29-ին և հունիսի 1-2-ին Սեուլ է ուղարկել աղբով լի շուրջ հազար փուչիկ՝ ի պատասխան հարավկորեացի ակտիվիստների կողմից թռուցիկներ տարածելուն:
ԿԺԴՀ-ն խոստացել է այսուհետ պատասխանել Փհենյանի դեմ թռուցիկների յուրաքանչյուր արձակմանը՝ տասնյակ անգամ ավելի մեծ քանակությամբ աղբ ուղարկելով Հարավ: Դրան ի պատասխան՝ Հարավային Կորեան դադարեցրել Է միջկորեական ռազմական համաձայնագրի գործողությունը և հայտարարել սահմանին զորավարժությունները վերսկսելու պատրաստակամության մասին: