ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին ազատել Գազայի պատանդներին, բայց զորք չի ուղարկում. Սալիվան

Ամերիկյան առաջնորդի խորհրդականը կոչ է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ընդունել Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկը և զատ արձակել մնացած պատանդներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի — Sputnik. ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին որոնել և ազատ արձակել Գազայի հատվածում գտնվող պատանդներին, բայց չի ուղարկել իր զորքերը շաբաթ օրվա գործողությանը մասնակցելու համար։ Այդ մասին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Հունիսի 8-ին իսրայելական բանակը, ոստիկանության «Յամամ» հակաահաբեկչական ստորաբաժանումը և ՇԱԲԱԿ հատուկ ծառայությունը պաղեստինյան գերությունից ազատել են չորս իսրայելցիների։
«ԱՄՆ-ն մի քանի ամիս աջակցություն է ցուցաբերում Իսրայելին՝ բացահայտելու Գազայում այն տեղերը, որտեղ պահում են պատանդներին` նրանց ազատելու համար․․․ Մի բան կարող եմ ասել` ամերիկյան ուժերը չենք գործարկել այդ գործությունում», - նշել է նա։
Սալիվանը կոչ է արել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանն ընդունել Գազայի հատվածում հրադադարի մասին առաջարկը և ազատ արձակել մնացած պատանդներին։
Իսրայելը 2023 թ-ի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից աննախադեպ մասշտաբային հրթիռային հարձակման է ենթարկվել։ Դրանից հետո պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման մարտիկները ներխուժել են սահմանամերձ շրջաններ՝ կրակ բացելով զինվորականների և քաղաքացիական անձանց ուղղությամբ և վերցնելով ավելի քան 200 պատանդ: Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե թրեր» գործողությունը, որը ներառում է հարվածներ քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ: Իսրայելը հայտարարել է անկլավի ամբողջական շրջափակման մասին։