Ահմադինեժադն ու Լարիջանին դուրս են մնացել Իրանի նախագահական ընտրապայքարից

Մահմուդ Ահմադինեժադ. Արխիվային լուսանկար
Հայտնի են դարձել նաև վեց քաղաքական գործիչների անունները, որոնք կընդգրկվեն թեկնածուների վերջնական ցուցակում:
Sputnik
Ալի Լարիջանի
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Իրանի երկու հայտնի քաղաքական գործիչների՝ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանիի թեկնածությունները չեն ստացել Իրանի վերահսկիչ խորհրդի հավանությունը։ Հաղորդում է Mehr պետական գործակալությունը:
Նշենք, որ նրանք պատրաստվում էին մասնակցել հունիսի վերջին կայանալիք նախագահական ընտրություններին։
Իրանի վերահսկիչ խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Հադի Թահան-Նազիֆը պետական հեռուստատեսության ուղիղ եթերում հայտնել է, որ դիտորդ խորհուրդն ավարտել է այն թեկնածուների պահանջների համապատասխանության ստուգումը, որոնք գրանցվել են երկրի արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար։
Mehr –ին հասած լուրերի համաձայն` Ահմադինեժադն ու Լարիջանին չեն կարողացել անցնել նախագահական ընտրություններին մասնակցելու պահանջներին համապատասխանության ստուգումը։
Ալի Լարիջանի. Արխիվային լուսանկար
Իրանական մեկ այլ պետական լրատվամիջոց՝ Tasnim–ը, հայտնել է այն վեց քաղաքական գործիչների անունները, որոնք կընդգրկվեն թեկնածուների վերջնական ցուցակում։ Նրանք են` ՆԳՆ նախկին ղեկավար Մոստաֆա Փուրմոհամադին, ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Սաիդ Ջալիլին, խորհրդարանի գործող խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին, Իրանի առողջապահության և բժշկական կրթության նախկին նախարար Մասուդ Պեզեշքիանը, ինչպես նաև Վետերանների հիմնադրամի ղեկավար Ամիր-Հոսեյն Գազիզադե-Հաշեմին:
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։
Իրանի Սահմանադրության 131-րդ հոդվածի համաձայն՝ նախագահական նոր ընտրությունները պետք է տեղի ունենան 50 օրվա ընթացքում: Թեկնածուների գրանցումը կիրականացվի մայիսի 30-ից հունիսի 3-ը, ստուգումը՝ հունիսի 4-10-ը: Թեկնածուների վերջնական ցուցակը կհրապարակվի հունիսի 11-ին: Նախընտրական քարոզարշավը կտևի հունիսի 12-26-ը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։ Եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն լինի, ապա դա տեղի կունենա հուլիսի 5-ին։