ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Եվրասիական կինոմրցանակաբաշխությունը, որը նախատեսվում է անցկացնել Ռուսաստանում 2025 թվականին, «Օսկարի» կրկնօրինակը չէ, և, ի տարբերություն ամերիկյան կինոակադեմիայի, կկենտրոնանա ազգային կինեմատոգրաֆիաների բազմազանության վրա: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։
««Օսկարն» ամերիկյան կինոակադեմիա է, որը վերլուծում և մրցանակներ է հանձնում ամերիկյան ֆիլմերին։ Կա մեկ անվանակարգ՝ դա արտասահմանյան ֆիլմն է, որը ստանում է այլ երկրի որևէ նախագիծ։ Այստեղ բոլորովին այլ պատմություն է։ Սա համատեղ նախագիծ է ԲՐԻԿՍ–ի երկրների, Ղազախստանի, Ուզբեկստանի մեր գործընկերների հետ։ Մենք պայմանավորվածություն ունենք Չինաստանի գործընկերների հետ։ Մենք շատ էինք ցանկանում միասնական կինոակադեմիա ստեղծել տարբեր երկրների գործընկերների հետ, որտեղ զարգացած է ազգային կինոն»,- ասել է Լյուբիմովան։
2022 թվականի գարնանը ռեժիսոր Նիկիտա Միխալկովը հանդես է եկել Եվրասիական կինոակադեմիայի և մրցանակի ստեղծման նախաձեռնությամբ։
Միխալկովը նաև լրագրողներին հայտնել է, որ կինոակադեմիայի ստեղծմանն աջակցել են Իրանը, Չինաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները:
Առաջին մրցանակաբաշխությունը նախատեսվում է անցկացնել 2025 թվականին։