ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Ադրբեջանը որոշակի հաջողությունների են հասել պետական սահմանների հաստատման գործում։ Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Կահիրեում Եգիպտոսի իր պաշտոնակից Աբդել-Ֆաթթահ աս-Սիսիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:
Նա պարզաբանել է, որ համաձայնեցվել է պետական սահմանի մոտ 12,7 կմ երկարությամբ հատվածը՝ նկատի ունենալով Տավուշում սահմանազատման գործընթացը։
Միաժամանակ Ալիևը մեղադրել է Հայաստանին «Ադրբեջանի Ղազախի շրջանի չորս գյուղերի օկուպացիայի» մեջ, իսկ այդ գյուղերի «վերադարձը» որակել է «դրական փաստ»:
Եգիպտոսի նախագահն իր հերթին կարևորել է Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը:
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին հայտարարեց` մինչև այս տարվա նոյեմբեր Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ձեռքբերումը միանգամայն իրատեսական է։
Հունիսի 7–ին ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին հայտարարեց, որ Երևանը պատրաստ է ինտենսիվ աշխատել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի և առաջիկա մեկ ամսվա ընթացքում դրա ստորագրման ուղղությամբ: