Լոռու մարզի «Ախթալա» կայարանն ու Քարկոփ համայնքը մայիսի 26–ի հեղեղումից ամենաշատ տուժած բնակավայրերն են։ Շենքերը գետին շատ մոտ են կառուցված, դրա համար էլ ջուրը րոպեների ընթացքում լցվել է բնակարաններն ու տները։ Որոշ տեղերում ջրի մակարդակը մինչև 2 մետր բարձրության է հասել։
Տեղի բնակիչները ասում են` Դեբետն առաջանին անգամ չէ վարարում։ Երբեմն ջուրը լցվել է նկուղները, բայց այսպիսի «կատաղած» գետ նրանք դեռ չէին տեսել։
«Տնից հազիվ ենք դուրս եկել, ջուրը մարդու բոյից անցնում էր...»,– պատմում է Ախթալայի բնակիչ Լևոն Նալբանդյանը։
Լևոն Նալբանդյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Ախթալա» կայարանի տներից մեկում ջուրը ոչ թե պատուհաններից է լցվել, այլ գետնի տակից է ժայթքել։ Արթուր Բեկջանյանը պատմում է, որ հազիվ է հասցրել մանկահասակ թոռներին տեղափոխել ավելի անվտանգ վայր։ Հիմա մոլորված կանգնած է, չգիտի` ինչպես մաքրի տունը, որտեղից սկսի, ինչը դեն նետի, ինչը թողնի, ունեցվածքի 99 տոկոսն այլևս պիտանի չէ։
«Էս ինչ դուք տեսնում եք`0-ից ես եմ սարքել։ 25 տարվա իմ աշխատածն ա, նոր ուզում էինք վայելել։ Բայց հիմա չգիտեմ` Աստված ինձ առողջություն կտա, որ ես կարանամ մի բան սարքեմ նորից, թոռներիս թողնեմ»,– պատմում է նա։
Գետը քշել տարել է մարդկանց գույքը, կենցաղային տեխնիկան ու անգամ անասնագոմերում գտնվող կենդանիներին։
«27 հատ թթի ծառ ունեի, մի հատ չկա, լրիվ սրբեց տարավ, ես ամեն տարի 4 մլն–ի եկամուտ եմ ունեցել, մնացի անգործ»,– ասում է Քարկոփի բնակիչներից մեկը։
Փողոցների ու տների մաքրման աշխատանքները 14 оր անց դեռ շարունակվում են։ Բայց տներ կան, որոնք այդպես էլ վերաբնակեցնել հնարավոր չի լինի։ Վատ վիճակում է նաև Քարկոփի միակ դպրոցը։ Դասերը շարունակել այստեղ երևի թե այլևս հնարավոր չի լինի։