Տուժածներ կան. ՆԳՆ–ն` Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի մասին

Դեպքի վայրում 12 մարտական հաշվարկ է աշխատում, այլ մարտական հաշվարկներ էլ են մեկնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Նախնական տեղեկություններով` Երևան–Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Այս պահին պայթյունի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում: Դեպքի վայրում է ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, նշված վայր են մեկնում այլ մարտական հաշվարկներ ևս»,– գրել է նա։
Տեղում աշխատանքները համակարգում է ՆԳՆ ՓԾ տնօրեն Կամո Ցուցուլյանը:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այրվածքներ ստացած 2 քաղաքացու են տեղափոխել հիվանդանոց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան–Սևան ճանապարհին ուժգին պայթյուն է որոտացել։ Ըստ ՆԳՆ–ի` հունիսի 6-ին`ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Օգտատերերը գրում են, որ պայթյունը որոտացել է Աբովյան քաղաքի մոտակայքում։