ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կառավարության և անվտանգության խորհրդի առաջ խնդիր է դրել հնարավորինս շուտ վերադառնալ միգրացիոն գերատեսչությունը ներքին գործերի նախարարության կազմից դուրս բերելու հարցին: Նա այդ մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական համաժողովում։
«Մեզ մոտ իմաստալից միգրացիոն քաղաքականություն դեռ չի կառուցվել։ Մենք ժամանակին ունեցել ենք մեկ մարմին, որը հետո «մտցրել» են ՆԳՆ՝ անվտանգության հարցերի նկատառումներով։ Մեծ հարց է` աշխատանքն արդյունավետ է, թե ոչ։ Եվ մենք դա քննարկում ենք գործընկերների հետ։ Ես կառավարության և անվտանգության խորհրդի առաջ խնդիր եմ դրել վերադառնալ այդ հարցին, ընդ որում` հնարավորինս արագ։ Չի կարելի ձևացնել, թե խնդիր գոյություն չունի։ Այն կա», - ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինի խոսքով՝ պետք է աշխատանքային միգրանտների ներգրավել, քանի որ ՌԴ-ում նվազագույն, գրեթե զրոյական գործազրկության պայմաններում աշխատանքային ձեռքի բացակայությունը տնտեսական աճի սահմանափակիչ գործոն է դառնում: Ընդ որում` Ռուսաստանին պետք են ոչ թե պարզապես միգրանտներ, այլ որոշակի որակավորմամբ, որոշակի պատրաստվածությամբ, ռուսական ավանդույթների իմացությամբ մարդիկ։
«Դա, ի դեպ, հասկանում են նաև այն երկրների գործընկերները, որտեղից գալիս են միգրանտները։ Եվ մենք պայմանավորվում ենք, թե ինչպես լուծենք մեր մշակույթի և ավանդույթների, մեր օրենքների իմացության հարցը, որպեսզի եկողներն իրենց այստեղ լավ զգան, ամենակարևորը՝ տեղի քաղաքացիների համար ոչ մի խնդիր չստեղծեն ո՛չ աշխատաշուկայում, ո՛չ կենցաղում», – նշել է Պուտինը։
Նա նաև մատնանշել է այն հանգամանքը, որ միգրանտները հիմնականում գալիս են այնտեղ, որտեղ տնտեսական կյանքն ակտիվ է և բարձր աշխատավարձ ստանալու հնարավորություն կա՝ Մոսկվա, Մոսկվայի մարզ, Սանկտ Պետերբուրգ, Սիբիրի որոշ քաղաքներ:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ այս ուղղությամբ դեռ շատ անելիք կա: