Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60-65%-ի ու թոքերի այրվածք. Հովհաննիսյան

Երեկ գիշերը դուրս գրված բուժառուն կին է, ունեցել է թեթև այրվածքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երեկ գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60-65 տոկոսի ու թոքերի այրվածք։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ–ի տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
«Նրանց վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Այրվածքների խորության աստիճանը դեռ որոշված չէ, բայց կանխատեսում ենք, որ 3-րդ 4-րդ աստիճանի է լինելու։ Ամենաբարդ ու ամենախորը այրվածքներն են առաջացել նրանց մոտ։ Հիմնականում մեջքի շրջանի այրվածքներ են»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա տեղեկացրեց, որ երեկ գիշերը ընդունել են 7 բուժառու, նրանցից 6–ը շարունակում են բուժումը հիվանդանոցում, իսկ մեկ կին ունեցել է թեթև այրվածքներ ու դուրս է գրվել երեկ երեկոյան։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23։10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում գտնվող գազի լցակայանում տեղի է ունեցել պայթյուն` հրդեհի բռնկմամբ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է 7 անձ (մեկն անհրաժեշտ օգնություն ստանալով՝ դուրս է գրվել) նրանցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վնասվել են նաև գազալցակայանի կոնստրուկցիաները, դրան հարող տարածքում գտնվող մի քանի ավտոմեքենա։
Գազաբենզալցակայանի պայթյունի դեպքով ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 5 հոդվածի հատկանիշներով։