ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ժամը 08։51-ի դրությամբ՝ հեղուկ գազի բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
«Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՆԳՆ-ն հաղորդում է, որ ժամը 08։20-ի դրությամբ՝ բաց կրակ արդեն չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ։
Շեշտվում է, որ գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհեր չկան։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։ Պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։