ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Արզնիի այն գազալցակայանը, որտեղ երեկ երեկոյան խոշոր պայթյուն է տեղի ունեցել, շահագործվել է՝ չունենալով դրա իրավունքը, տեսչական մարմինը ստուգումների ժամանակ մի շարք խախտումներ է արձանագրել։ «Հետքը» հոդված է պատրաստել, որում ներկայացնում է խախտումներն ու այն արգելանքները, որոնց տակ բազմիցս եղել է գազալցակայանը շահագործող «Գազ օիլ» ՍՊԸ-ն, և թե ով է սեփականատերը։
Գազաբենզալցակայանը Կոտայքի մարզի Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում է: Շահագործողը երևանյան «Գազ օիլ» ՍՊԸ-ն է, որի միակ սեփականատերը 41-ամյա երևանցի Ռաֆայել Այվազյանն է, ով ոչ միայն բիզնեսով է զբաղվում, այլև քաղաքական գործունեությամբ: Նա ԲՀԿ անդամ է, 2008-2009 թթ. եղել է Երևանի ավագանու անդամ, 2018 թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում ԲՀԿ ռեյտինգային թեկնածուներից էր։ Ըստ նրա ֆեյսբուքյան էջի՝ Այվազյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի օգնականն է:
Ինչ վերաբերում է Այվազյանի ՍՊԸ-ին, այն գրանցված է Այվազյանի տանը, սակայն լցակայանն Արզնիի տարածքում է:
Ըստ իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության՝ 2021-ի դեկտեմբերին հիմնադրված ՍՊԸ-ն 2023 թ.-ից սկսած հայտնվել է տարբեր արգելանքների տակ։ Վերջին արգելանքը դրվել է պայթյունից ժամեր առաջ՝ հունիսի 6-ին: Արգելանքները գլխավորապես առնչվում են պետբյուջեի օգտին գումար բռնագանձելու պահանջներին:
Ավելին՝ Սնանկության դատարանը (դատավոր՝ Լիլիթ Կատվալյան) օրեր առաջ՝ մայիսի 24-ին, վարույթ է ընդունել ՊԵԿ-ի դիմումը «Գազ օիլ» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, այսինքն՝ ընկերությունը հնարավոր է առաջիկայում սնանկ հայտարարվի։
Ընկերության տնօրենը 2021-2022 թթ. եղել է հենց Ռաֆայել Այվազյանը, իսկ 2022-ին նրան փոխարինել է երևանցի Էրիկ Հայրապետյանը, որը սեփականատեր է «Յուգ-Գազ Գրուպ» և «Ասօիլ» ՍՊԸ-ներում (երկուսն էլ սնանկ են ճանաչվել 2019-ին)։
«Գազ օիլ» ՍՊԸ-ն 2022թ․ երկու անգամ տուգանվել է՝ ՀԴՄ շահագործման կանոնների խախտման հիմքով՝ 2 մլն 44 հազար դրամով։
Այս տարվա փետրվարին լցակայանի գործունեությունը դադարեցվել է, քանի որ այն չի ունեցել փորձաքննության դրական եզրակացություն։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին
Փետրվարի 14-ին Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հայտարարել էր, որ իրականացրել է ստուգում և պարզել, որ «հեղուկացված ածխաջրածնային գազի մանրածախ վաճառքով զբաղվող «ԳԱԶ ՕԻԼ» ՍՊԸ-ն (լցակայանի գործունեության հասցե` Երևան-Սևան մայրուղի 6/1) գործունեություն է ծավալում չափագիտական կանոնների և նորմերի խախտմամբ»։
Ընկերությունը ենթարկվել էր վարչական պատասխանատվության, և լցակայանում 1 ամիս ժամկետով փակցվել էր պաստառ՝ «մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար»:
Փետրվարի 19-ին էլ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն էր հայտարարել, որ հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «Գազ օիլ» ՍՊԸ-ի կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանում:
«Հետազոտությունների արդյունքում ՏՄ-ն արձանագրել է, որ Կոտայքի մարզի, Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 𝟔/𝟏 հասցեում գտնվող գազա-բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության»,- հրապարակել էր տեսչական մարմինը։
Այսինքն՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ն շահագործել է գազա-բենզալցակայան՝ չունենալով դրա իրավունքը:
Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ տեսչական մարմնի որոշմամբ գազալցակայանի գործունեության դադարեցման որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կապարակնքվել էր լցակայանը։
Հավելենք, որ լրագրողների հետ զրույցում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ևս նշել էր, որ գազալցակայանն օրինականության հետ խնդիրներ ուներ, բազմիցս գրություններ էին ուղարկվել պետական մարմիններ, սակայն սեփականատերը չէր ընդունում խնդիրները և դիմել էր դատարան։ Քանի որ դատական գործընթաց էր ընթանում, այդ պատճառով գազալցակայանի գործունեությունը դեռ դադարեցված չէր։