ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Անհայտ անձը վաճառքի է հանել լոտ, որտեղ շուրջ 10 մլն կոնկակտային տվյալ կա, որից մոտավոր 280 000-ը Հայաստանի բջջային կոդերով է։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իրենց էջերում հայտնել են մեդիափորձագետներ Լևոն Իսաջանյանը և Սամվել Մարտիրոսյանը։
Նրանք ընդգծել են, որ ամենայն հավանականությամբ Getcontact հավելվածի հեռախոսահամարների բազայի միջոցով է գործողությունն արվել։
Մարտիրոսյանը շեշտել է, որ դեռ տարիներ առաջ զգուշացրել՝ պետք չէ ներբեռնել Getcontact կամ նմանատիպ հավելվածներ։
«Ազգովի ազգային անվտանգության դեմ ենք աշխատում։ Շնորհավոր հերթական անգամ»,- գրել է Սամվել Մարտիրոսյանը։
Լևոն Իսաջանյանն էլ հորդորել է, որ նման հավելվածների պետք չէ թույլտվություն տալ, երբ դեպի կոնտակտներ մուտք են հայցում։ Վստահեցրել է՝ հեռախոսահամարների արտահոսքի պատճառը բջջային օպերատորները չեն, այլ մարդկանց կողմից թվային անվտանգությանը չհետևելը։
Մեկնաբանություններում քաղաքացիները Սամվել Մարտիրոսյանին նաև հարց են հղել՝ արդյոք իրենց հեռախոսահամարները կարող ենլինել այդ ցանկում, չնայած այն բանին, որ անձամբ իրենք չեն նեբեռնել նմանատիպ ծրագիր։ Մեդիափորձագետը նշել է, որ որևէ ծանոթի կոնտակտների մեջ լինելու դեպքում, որի հեռախոսում կա, օրինակ, Getcontact-ը, մեծ է հավանականությունը, որ իրենց հեռախոսահամարն էլ հայտնված կլինի այդ ցանկում։