Մոսկվայում ցուցադրվում է «հայկական Տրետյակովի»` Արամ Աբրահամյանի հավաքածուն

Ցուցահանդեսի անցկացման շուրջ բանակցությունները տևել են մեկ տարի։ Այն կգործի մինչև օգոստոսի 11-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում հունիսի 4-ին բացվել է Երևանի Ռուսական արվեստի թանգարանի ցուցանմուշների ցուցահանդեսը, մասնավորապես՝ Արամ Աբրահամյանի հավաքածուից: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Մարինա Մկրտչյանը։
Մարինա Մկրտչյան
Ցուցահանդեսը նվիրված է ռուսական արվեստի թանգարանի հիմնադրման 40–ամյակին և թանգարանի հիմնադիր, անվանի հավաքորդ Արամ Աբրահամյանի ծննդյան 125-ամյակին: Ցուցահանդեսի գլխավոր խնդիրներից մեկը հավաքորդի հավաքածուից հայտնի նկարիչների՝ Մոսկվայում դեռևս չցուցադրված ստեղծագործությունների ներկայացումն է:
«Պատահական չէ, որ ցուցահանդեսը բացվել է Տրետյակովյան պատկերասրահում, չէ՞ որ Մոսկվայի արվեստասերները լավ ճանաչում էին Աբրահամյանին, իսկ Մարտիրոս Սարյանը նրան անվանում էր հայկական Տրետյակով»,-նշեց Մկրտչյանը:
Նրա խոսքով՝ ցուցահանդեսի անցկացման շուրջ բանակցությունները տևել են մեկ տարի։ Իսկ մինչ դրա բացումը հայ և ռուս մասնագետները պատրաստել էին Աբրահամյանի «Մոսկվա-Երևան-Մոսկվա» հավաքածուի լավագույն աշխատանքների ալբոմը։ Ալբոմը հրատարակվել է 1000 օրինակով, վաճառքի համար նախատեսված չէ։
Մոսկվայի երաժշտության թանգարանը համալրել է Առնո Բաբաջանյանի հավաքածուն
«Ցուցահանդեսին ներկայացված է 49 կտավ՝ ավելի քան 360-ից, ևս 9 կտավ ընտրվել է Աբրահամյանի ժառանգորդի հավաքածուից։ Ի սկզբանե նախատեսվում էր տեղափոխել 60 կտավ, սակայն պարզվեց, որ դրանցից մի քանիսը փոխադրելի չեն»,-ասաց թանգարանի տնօրենը։
Իր հերթին թանգարանի ավագ գիտաշխատող Անի Աշուղղարիբյանը նկատեց, որ Մոսկվայի ցուցահանդեսին գրեթե զուգահեռ Երևանում մեկ այլ ցուցահանդես է անցկացվում: Մայիսի 29-ին Երևանի Ռուսական արվեստի թանգարանում բացվել է «Արամ Աբրահամյան. Արվեստի ասպետը» ցուցահանդեսը:
Անի Աշուղղարիբյան
Նշենք, որ Աբրահամյանի հավաքածուն բաղկացած է 19-րդ դարավերջին-20-րդ դարասկզբին ապրած և ստեղծագործած Կ․Ա․ Կորովինի, Ա․ Յ․ Գոլովինի, Ա․Ն․ Բենուայի, Բ․Մ․ Կուստոդիևի, Պ․Վ․ Կուզնեցովի, Կ․Ս․ Պետրով-Վոդկինի, Ն․Ս․ Գոնչարովայի և այլ վարպետների կտավներից ։ Այնտեղ ներկայացված են նաև 20-րդ դարի սկզբի և կեսերի մի շարք նկարիչների աշխատանքներ՝ Բ․Դ․ Գրիգորև, Պ․Պ․ Կոնչալովսկի, Ն․Ա․ Ուդալցովա, Ռ․Ռ․ Ֆալկ։ Աբրահամյանը ձեռք էր բերում նաև 60-ականների նկարիչների աշխատանքները, այդ թվում՝ Վ․Ե․ Պոպկովի և Ն․Ի․ Անդրոնովի։