Իրանական մարդասիրական օգնությունն արդեն Հայաստանում է. ի՞նչ է ուղարկվելու Ալավերդի

Ալավերդի
Օգնությունն Ալավերդի են հասցնելու Իրանական Կարմիր Մահիկի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ Լոռու մարզում հեղեղներից տուժած բնակչությանը համար Իրանի Իսլամական Հանրապետության տրամադրած մարդասիրական օգնությունը Հայաստան է հասել։ Իրանական Կարմիր Մահիկի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության աշխատակիցները այսօր մարդասիրական օգնությունը կհասցնեն Ալավերդի։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
Նշվում է, որ այսօր Հայկական Կարմիր խաչի ընկերությունում տեղի է ունեցել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիի, քաղաքական հարցերով խորհրդական Մուհամմեդ Ջավադ Ալավիի, Իրանի Կարմիր մահիկի ներկայացուցչի և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Դավիթ Ներսիսյանի հանդիպումը։
«Չնայած առիթը ողբերգական է, սակայն պետք է նշել, որ սա ևս մեկ անգամ փաստում է երկու հարևան երկրների մարդասիրական առաքելություն իրականացնող կազմակերպությունների սերտ համագործակցությունը...Տարածաշրջանում խնդիրները, աղետները պատերազմներն ու այլ վտանգները շատ են, և հենց այդ պատճառով էլ երկու կազմակերպությունների համատեղ աշխատանքը կարևոր է»,- ասել է Ներսիսյանը։
Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին իր հերթին Իրանի ժողովրդի ու դեսպանատան անունից կարեկցանք ու ցավակցություն հայտնեց Լոռու մարզում աղետի հետևանքով տուժած անձանց։
«Պատմությունն է վկայում, որ մենք՝ երկու երկրների ժողովուրդները, միշտ եղել ենք իրար կողքի՝ թե՛ լավ, թե՛ վատ օրերին, և այդպես էլ շարունակվելու է։ Հայաստանում ջրհեղեղի մասին տեղեկանալուց հետո իրանական Կարմիր մահիկը պատրաստակամություն է հայտնել անմիջապես աջակցություն փոխանցել տուժածներին։ Այսօր այստեղ ենք, որպեսզի Իրանի ժողովրդի կողմից փոխանցված այս փոքրիկ օգնությունը հանձնենք հայկական կողմի տուժածներին»,-ասել է Իրանի փոխդեսպանը։
Դավիթ Ներսիսյանը, բարձր գնահատելով ցուցաբերված մարդասիրական աջակցությունը, ՀՀ-ում Իրանի դեսպանության և Կարմիր մահիկի ներկայացուցիչներին հանձնեց ՀԿԽԸ 100-ամյակին նվիրված հուշամեդալներ։
Ինչպես հայտնել են ՀԿԽԸ-ից, իրանական կողմի մարդասիրական օգնությունը ներառում է պահածոյացված սնունդ, վրան-ծածկոցներ, անկողային պարագաներ, սպասքի և սանիտարական հավաքածուներ և այլն։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Որոշում է կայացվել Լոռու և Տավուշի մարզերի տուժած բնակավայրերը հայտարարել աղետի գոտի և մարզպետարաններին 300 մլն դրամ հատկացնել հեղեղումների հետևանքները վերացնելու համար։
Լոռու և Տավուշի տարբեր բնակավայրերից փրկվել և տարհանվել է 443 մարդ