ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Արտաքին քաղաքական իրավիճակի ապակայունացումից և տարածաշրջանը աշխարհաքաղաքական մրցակցության հերթական թատերաբեմ դարձնելուց բացի, Հայաստանում ԵՄ առաքելությունից ոչինչ սպասել պետք չէ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ռուսական կողմը տեղեկացրել է Փարիզին, որ եվրոպացի դիտորդներին կասկածում է լրտեսության մեջ:
Զախարովան նշել է, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն Ֆրանսիային չի տեղեկացրել այդ կասկածների մասին: Նրա խոսքով ՝ Մոսկվան հրապարակավ և բաց խոսել է Հայաստանում ԵՄ առաքելության նկատմամբ իր բացասական վերաբերմունքի մասին:
«Մենք բազմիցս մեկնաբանել ենք հայկական տարածքում ԵՄ ներկայացուցիչների այս կիսապատերազմական ներկայության առճակատումային էությունը։ Ապացույցներ առանձնապես պետք չէ փնտրել ոչ մի տեղ, դրանք ակնհայտ են։ Այս առաքելության հակառուսական, հակաադրբեջանական և հակաիրանական նպատակներն ավելի ու ավելի ակնհայտ են։ Հատկապես պարզ դարձավ, երբ դրան սկսեցին միանալ ՆԱՏՕ-ի այն երկրները, որոնք ԵՄ-ի մեջ չեն մտնում»,-ասել է ռուս դիվանագետը։
Նա նշել է, որ տարածաշրջանն առանց այդ էլ անկայուն էր, բայց իրավիճակի կայունացման, բազմամյա ճգնաժամի հանգուցալուծման հնարավորություն ստեղծվեց, որպեսզի ապաշրջափակվեն մարդկանց հումանիտար շփման և տնտեսության զարգացման բոլոր հնարավորությունները։
«Եվ դա, իհարկե, առաջացրեց Արևմուտքի դժգոհությունը, որն այս տարածաշրջանը չի տեսնում խաղաղ և անվտանգ»,- նշել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը վստահ է, որ Հարավային Կովկասում բոլոր հարցերը պետք է և կարող են լուծվել տարածաշրջանային երկրների հավաքական ջանքերի հիման վրա՝ բացառապես ի շահ նրանց և առանց արտաքին միջամտության:
Հիշեցնենք, որ 2023 թ. փետրվարի 20-ին Հայաստանում տեղակայվեց 100 անձից բաղկացած ԵՄ քաղաքացիական առաքելությունը՝ երկու տարի ժամկետով, որը վերահսկում է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին։ Երրորդ երկրներից առաքելությանը միացել է Կանադան, հետաքրքրություն են ցուցաբերել նաև այլ երկրներ։ ԵՄ դիտորդական առաքելության կենտրոնակայանը գտնվում է Եղեգնաձորում։
ԵՄ երկրների արտգործնախարարները 2023-ի դեկտեմբերի 11-ին որոշեցին 50 տոկոսով ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության թիվը՝ 138 աշխատակցից հասցնելով 209-ի: