ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանն ու Գերմանիան ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ հունիսի 5-9-ը Բեռլինում անցկացվող «ILA Berlin 2024» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Գերմանիա է մեկնել ՀՀ ՊՆ պատվիրակությունը` պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորությամբ։
Այցելության շրջանակում հանդիպումներ են տեղի ունեցել ԳԴՀ պաշտպանության դաշնային նախարարության պետքարտուղար Բենեդիկտ Ցիմմերի, այլ պաշտոնյաների և ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։
«Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Գերմանիա ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցությանը վերաբերող հարցեր, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, ստորագրվել են փաստաթղթեր»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` ՊՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ գերատեսչության ղեկավար Սուրեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչների հետ։