Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ. Փաշինյան

ՀՀ վարչապետը հանդիպել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանը հետաքրքրված է տարածաշրջանային լայն համագործակցության խորացմամբ։ Այս մասին այսօր ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Ճան Մինի գլխավորած պատվիրակության հետ
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:
«Ճան Մինն ընդգծել է Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարության շահագրգռվածությունը՝ Հայաստանի հետ փոխշահավետ հարաբերությունների ընդլայնման գործում»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Շանհայի համագործակցության կազմակերպության գործունեության և հետագա փոխգործակցության շուրջ:
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
Իրանը ՇՀԿ անդամ դառնալու նպատակով պարտավորությունների մասին հուշագիր է ստորագրել