ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. 2023 թվականի բռնի տեղահանումից հետո Հայաստան եկած ու երկրից հեռացած արցախցիների գրեթե կեսը վերադարձել է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
«Իհարկե, շարժեր եղել են։ Մոտ 15 000 ելք է եղել, բայց շուրջ 7-8 հազար էլ մուտք է եղել։ Այսինքն` ոմանք, օրինակ, ձմեռն են անցկացրել արտերկրում` ընտանիքիներով։ Որոշ մարդիկ կարճ ճամփորդություն են ունեցել։ Ըստ էության, ամիսներով բացակայածների թիվը երևի կարելի է գնահատել շուրջ 7-8 հազարի կարգի։ Այսինքն` կարող ենք ասել, որ կեսը վերադարձել է։ Սահմանահատումների տվյալներով` մոտ 7-8 հազարն են գտնվում դրսում»,– ասաց փոխնախարարը։
Խաչատրյանը համոզված է, որ մյուսները ևս առաջիկայում կվերադառնան, քանի որ կառավարության հաստատած` արցախցիների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու դառնալու համար պարտադիր պայման է ՀՀ քաղաքացիություն ստանալը, ինչի համար հարկավոր է վերադառնալ ՀՀ և դիմել պատկան մարմիններին, արդեն ծրագրի շրջանակում բնակարան ձեռք բերելուց հետո` այդ բնակարանում 10 տարի շարունակ ապրելը։
«Իհարկե, բացակայելու հնարավորություններ կան` տարբեր պատճառներով, բայց ասել ենք, որ եթե ընտանիքի չափահաս երկու անդամներ տարվա ընթացքում 6 ամսից ավել միաժամանակ երկրից բացակայել են, դա սեփականության իրավունքի գրանցման համար խոչընդոտ է հանդիսանալու։ Հետևաբար կարծում ենք, որ գնացածների մի մասը ևս վերադառնալու է գոնե այս ծրագրի նպատակով»,– ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք` փորձագիտական գնահատականներով` 2023թ–ի աշնանը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շուրջ 15 տոկոսը (15 000 մարդ) տեղահանությունից հետո հեռացել է Հայաստանից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսում հայտարարեց, որ այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Նա վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում, և հավելեց` ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ արցախցիները ՀՀ–ից գնում և գալիս են։