ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությանը և նշել՝ ՀԱՊԿ-ի մասին խոսելիս պետք է նախ ասեն, թե որտեղով է նրանց սահմանն անցնում։ Այս մասին Սիմոնյանն ասաց ՀՀ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ։
Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Հայաստանի չմտածված քայլերը ոչ միայն սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ում այլ դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը։ Նա ընդգծել է, որ խոսքն այն քայլերի մասին է, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ազգային տվյալների բազաներ և երկրի անվտանգության համար զգայուն տեղեկությունների ամբողջական հասանելիություն։
«Հերիք եղավ ՀԱՊԿ-ի մասին խոսեն։ Երբ խոսում են կազմակերպության մասին, թող գան, ասեն՝ ինչ պարտավորություններ ունեն, թե ՀԱՊԿ-ի սահմանը որտեղով է անցնում, հերիք է մեր ինքնիշխան տարածքի հետ կապված նման հայտարարություններ անեն։ ՀՀ-ն որևէ երկրի հետ բանակցություն չի վարում, չի քննարկում որևէ ռազմաբազա տեղադրելու կամ ռազմավարական ալյանսի միանալու վերաբերյալ»,-հայտարարեց ԱԺ նախագահը։
Սիմոնյանը նաև աբսուրդ որակեց այն հայտարարությունը, թե արևմտյան երկրների համար ազգային տվյալների բազաները հասանելի կարող են դառնալ։