ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Համաշխարհային տնտեսական և քաղաքական զարգացման կենտրոններն այսօր տեղափոխվում են Ասիա, Ռուսաստանը պետք է ավելի մոտ լինի նրանց։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ելույթ ունենալով Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ժամանակին Պետրոս Առաջինը դեպի Եվրոպա պատուհան էր բացում: Ինչո՞ւ։ Քանի որ հիմնական զարգացումը այնտեղ էր... Համաշխարհային զարգացման կենտրոններն այսօր տեղափոխվում են Ասիա, և, իհարկե, պետք է ավելի մոտ լինել զարգացման այդ կենտրոններին», - ասել է Պուտինը։
Պետության ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանն ապագայում կաճի ոչ միայն դեպի Սիբիր, այլև Արկտիկա, որտեղ մեծ քանակի հանքային ռեսուրսներ կան: Միևնույն ժամանակ Պուտինը նշել է, որ այսօր չի կարելի զարգացնել սիբիրյան տարածքները այնպես, ինչպես դա անում էին Ստոլիպինի օրոք, քանի որ նախկինում հիմնական ռեսուրսը հողն էր, իսկ հիմա՝ ուղեղը:
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 5-ից 8-ը: ՌԻԱ Նովոստին համաժողովի տեղեկատվական գործընկերն է: