Հայաստանը ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ

ՄԱԿ–ի շենքը
ՀՀ ԱԳՆ–ն շնորհակալություն է հայտնել գործընկեր պետություններին աջակցության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանը ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Քիչ առաջ Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվեարկությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվեց ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ: Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ:
ՄԱԿ–ի Տնտեսական և սոցիալական խորհուրդը զբաղվում է տնտեսական, սոցիալական, բնապահպանական խնդիրներով, ինչպես նաև միջազգայնորեն համաձայնեցված զարգացման նպատակների իրականացմամբ: Տնտեսական և սոցիալական խորհուրդը ունի 54 անդամ՝ ընտրված գլխավոր ասամբլեայի կողմից երեք տարի ժամկետով: