Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է

33-ամյա տղամարդը պայթյունի պահին եղել է գազալցակայանում, իսկ ընտանիքը չի տուժել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը ևս մասնակի այրվել է պայթյունի հետևանքով։ Տան սեփականատեր 33-ամյա Գևորգ Չերքեզյանը պայթյունի պահին եղել է գազալցակայանի տարածքում։ Նա հոսպիտալացված, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու տուժածներից մեկն է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Գևորգի ընկերը՝ Արթուր Գևորգյանը, որ պայթյունից ձայնը լսելուց հետո օգնության է շտապել։
Նրա խոսքով՝ Գևորգն ընտանիքի հետ ապրել է այդ տանն ու նույն վայրում կենդանիների կերերի վաճառքով զբաղվել։
«Պայթյունից 2 րոպե հետո արդեն այստեղ էի, բայց նրան արդեն տեղափոխել էին հիվանդանոց։ Երեխաներին տարել են տատիկի մոտ, նրանց հետ ամեն ինչ կարգին է, նրանք չեն տուժել»,- նշեց Գևորգի ընկերը։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։ Պայթյունի հետևանքով կա 7 տուժած, որոնցից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է։