ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է, նրանք շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Երևան-Սևան ճանապարհին պայթյունի հետևանքով կա 7 տուժած։
«Մյուս չորս պացիենտի մոտ նկատվում է դրական դինամիկա։ Բժիշկների գնահատմամբ` նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. շարունակում են ստանալ համարժեք բուժօգնություն»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ավելի ուշ պարզվեց, որ պայթյունը եղել է Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում։