ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) Ռուսաստանի շախմատի ֆեդերացիային երկու տարի ժամկետով զրկել է կազմակերպության անդամությունից։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է շախմատիստ Պետեր Հայնե Նիլսենը՝ ՖԻԴԵ-ի փաստաթղթերին հղումով։
«Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պատժվում է` ժամանակավորապես զրկվելով ՖԻԴԵ-ի անդամակցությունից, ներառյալ կազմակերպության հովանու ներքո անցկացվող հանդիպումներին և միջոցառումներին մասնակցելուց: Բացառման ժամկետը տվյալ որոշման ընդունման պահից երկու տարի է», - նշված է փաստաթղթում։
Նշվում է նաև, որ ֆեդերացիային անդամակցությունից զրկելը չի ազդում շախմատիստների, մրցավարների, մարզիչների և Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի մաս կազմող ակումբների շախմատային գործունեության վրա: