ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Երևան֊Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվել է ևս 2 տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ բուժօգնության է դիմել 7 քաղաքացի։ Նրանցից մեկն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Տուժածներից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում. առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, չորս տուժածինը` կայուն ծանր։»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` հունիսի 6-ին` ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Այս պահին դեպքի վայրում ՆԳՆ փրկարար ծառայության ավելի քան 30 մարտական հաշվարկ է աշխատում։