ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի - Sputnik. Հայաստանն իր կողմից ԵԱՀԿ Մինսկի Խմբի լուծարման ուղղված քայլեր է իրականացնում, և այդ քայլը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումն է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն մտքին, թե Հայաստանն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման քայլեր պետք է իրականացնեն։
«Երբ խաղաղության պայմանագիր կնքվի, ԵԱՀԿ Մինսկի խմբի իմաստն ուղղակի կկորչի»,–ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, որ եթե Հայաստանը նախընտրի պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը, կնշանակի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են:
Նա նաև ասել էր, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ում արձագանքել էին, որ, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:
ՀՀ ԱԳՆ–ում վստահ են, որ մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: