Կոպիտ միջամտություն է մեր երկրի ներքին գործերին. ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևին

ՀՀ ԱԳՆ–ում վստահ են՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումը երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ–ն չունի տարածքային պահանջներ իր որևէ հարևանից, այդ թվում` Ադրբեջանից: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ–ն։
«ՀՀ սահմանադրությունը և նրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են, և դրա շուրջ դեռևս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին»,– ասված է հաղորդագրությւնում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հայտարարել էր, որ եթե Հայաստանը նախընտրի պահպանել ԵԱՀԿ Մինսկի խումբը, կնշանակի, որ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները շարունակվում են:
Նա նաև ասել էր, որ Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է առանց ՀՀ Սահմանադրության փոփոխության։
ՀՀ ԱԳՆ–ում նշում են, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցվող խաղաղության համաձայնագիրը հստակորեն ամրագրում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և տարածքային պահանջներ չունեն միմյանց նկատմամբ: Խաղաղության համաձայնագրի նախագծում համաձայնեցված դրույթ կա նաև այն մասին, որ կողմերից որևէ մեկը չի կարող հղում անել իր ներքին օրենսդրությանը խաղաղության համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու համար»,– ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում։
Նշվում է, որ համաձայնագրի ստորագրումը և ներպետական ընթացակարգերով վավերացումը վերջնականորեն կամրագրեն այս սկզբունքները:
ՀՀ ԱԳՆ–ում վստահ են, որ մտահոգությունները փարատելու ամենահստակ և ուղիղ ճանապարհը հենց համաձայնագրի ստորագրումն է, որով երկարաժամկետ խաղաղության էջ կբացվի Հայաստանի և Ադրբեջանի միջև: