Բացառություններ չեն լինի. ՀՀ–ում ամուսնության նվազագույն շեմ կսահմանվի 18 տարեկանը

Հարսանիք. Արխիվային լուսանկար
ՔՊ-ական պատգամավոր, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանն ընդգծել է, որ եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, արատավոր սովորույթ է, որը արմատացել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ՔՊ–ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների, հանել բոլոր այն կարգավորումները, որոնք վերաբերում են վաղ ամուսնություններին և անչափահաս ամուսիններին:
Գործող օրենսդրությամբ ամուսնության տարիքը 18 տարեկանն է, որոշ բացառություններով 16 և 17 տարեկանում ևս անձը կարող է ամուսնանալ:
«Օրենսդրական առաջարկն անհրաժեշտ քայլ է, բայց ոչ բավարար, քանի որ կան ավանդույթներ, որոնք օրենսդրական կարգավորումից դուրս են»,–նիստի ընթացքում ասել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։
Բաքոյանն էլ արձագանքել է, որ եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, արատավոր սովորույթ է, որը արմատացել է։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ևս կարևորել է փաթեթի ընդունումը, նշել, որ սա առաջին քայլն է՝ ցույց տալու նաև պետության վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ:
«Պետությունն իր վերաբերմունքը պետք է հստակ արտահայտի, որ առնվազն չի խրախուսում մինչև 18 տարեկան անձի ամուսնությունը, բայց ինչպես կկառուցեն հարաբերությունները, դա իրենց կամարտահայտությունն է ինչպես մինչև 18 տարեկանը, այնպես էլ դրանից հետո»,- նշել է փոխնախարարը:
Հիշեցնենք` Հայաստանում ամուսնական տարիքը, գործող օրենսդրության համաձայն, տղաների համար 18 տարեկանն է, աղջիկների համար` 17–ը։ Սակայն անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե նրա զուգընկերոջ 18 տարին արդեն լրացել է և կա նրա ծնողների, որդեգրողների կամ խնամակալի համաձայնությունը: